Մարտի 9-ին Նյու Յորքում ցույց է տեղի ունեցել` ուղղված Իսրայելի բանակ ուլտրաուղղափառ հրեաների զորակոչի դեմ:

Հաղորդվում է, որ ցույցին մասնակցել են  հազարավոր ուղղափառ հրեաներ: Ըստ կազմակերպիչների`  մասնակցել է 50 հազար մարդ:

Միջոցառումն աղոթքի տեսքով է կատարվել, որի արդյունքում տղամարդիկ եւ կանայք առանձին են բողոքել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Նշենք, որ օրինագիծը, ըստ որի Իսրայելի ուղղափառ հրեաները բոլորի նման պետք է ծառայեն բանակում, Կնեսեթը քննարկելու է մարտին: Այն հոգեւոր դպրոցների ուսանողների համար նախատեսում է  հետաձգում՝ մինչեւ 26 տարեկանը: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2017 թ.: Օրինագծի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել մարտի 2-ին Երուսաղեմում:  

Ավելի վաղ Իսրայելի ֆինանսների նախարար Յաիր Լապիդը հայտարարել էր  ուլտրաուղղափառ  ուսանողների  կրթաթոշակները կրճատելու մասին:  Որոշմանն  աջակցել էր աշխարհիկ իսրայելցիների մեծ մասը, սակայն  ուլտրաուղղափառ հրեաների ներկայացուցիչները կառավարության որոշումը բնութագրել էին «պատերազմ» իրենց համայնքի դեմ: 

Իսրայելում բանակում ծառայելը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար: Ծառայությունից կարելի է հրաժարվել միայն կրոնական դրդապատճառներով: Ավանդաբար ուլտրաուղղափառ հրեաները, որոնք իրենց ողջ ժամանակը նվիրում են Թորայի ուսումնասիրությանը,  բանակում չեն ծառայում եւ պետությունից թոշակ են ստանում: Ընդ որում` ուլտրաուղղափառ ընտանիքները երկրի բնակչության տասը տոկոսն են կազմում:  Նրանցից շատերն ապրում են աղքատության մեջ: