Երեւանի բնակիչներ 24-ամյա Սարգիս Ն.-ն, 26-ամյա Լեւոն Ն.-ն, 52-ամյա Հրաչ Ն.-ն եւ 50-ամյա Հրայր Ն.-ն մեղադրվում են ոստիկանության Կետրոնականի բաժնի օպեր-լիազորներ Մեսրոպ Մ.-ին եւ Հրանտ Պ.-ին բռունցքներով եւ ձեռքերով հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը: Սարգիս Ն.-ն Պարոնյան 13 շենքի մոտ հոր՝ Հրայր Ն.-ի, հորեղբոր՝ Հրաչ Ն.-ի եւ հորեղբոր որդու՝ Լեւոն Ն.-ի հետ միասին վիճաբանել են մի խումբ անձանց հետո եւ հարվածներ հասցրել միմյանց: Ծեծկռտուքը նկատել եւ փորձել են միջամտել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպեր-լիազորներ Մեսրոպ Մ.-ն եւ Հրանտ Պ.-ն, սակայն Սարգիսն ու նրա հարազատները հրաժարվել են ենթարկվել: Մասնավորապես Սարգիսը բռունցքներով հարվածել է Մեսրոպ Մ.-ին եւ Հրանտ Պ.-ին: Մյուսները ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին:
Սարգիս Ն.-ին, Լեւոն Ն.-ին, Հրաչ Ն.-ին եւ Հրայր Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Սարգիս Ն.-ն եւ Լեւոն Ն.-ն կալանավորված են, իսկ մյուս երկուսի համար խափանման միջոց ընտրվել է գրավը:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 17-ին:



























