«Եթե կա մեկը, ով կարող է իրեն տղամարդ համարել ու դուխ ունենալ հանքեր շահագործելու, թող գա, ես իրեն կտամ իմ համքերը կամ մի մասը»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ վրդովելով այն դիտարկումից, որ իր անունը հանքեր ունենալու հետ է կապվում:
ԱԺ միջանցքում բարձր տոնայնությամբ գոռգոռալուց հետո, Այվազյանն ասաց. «Եթե կա մի տղամարդ, ով էդ բեռի տակ կմտնի, թող գա շահագործի, տալիս եմ իրան հարյուր տոկոս: Լավ եմ արել, ո՞ւմ ա հետաքրքրում, լավ եմ արել, կա՞ մեկը, որ կարա իմ պես լավ անի: Կա՞ որեւէ մեկը, որ կարա էդքան դուխ անի, մտնի էդ գործի մեջը»։
Անդրադառնալով իր եւ «Գլոբար գոլդ Մայնինգ» ընկերության միջեւ եղած դատական վեճին, որը Նյու Յորքի դատարանում էր քննվում՝ նշեց, որ դատարանն իրեն արդարացրել է. «Վրես դատ են բացում, դատը կրեցի, իրանցից պրծա, ձեզնից չեմ պրծնում: Իրանց գողացած փողը բռնել եմ էս երկրի համար, դատի եմ տվել, դատը կրել եմ, էլի չեմ պրծնում: Գրում էին՝ հեսա պարոն Այվազյանին դատում են, հեսա Ազգային ժողովից կալանավորում են: Բայց երբ որ ես էդ դատը կրեցի, որեւէ մեկը չասեց, որ հեսա էն գողին դատում են: Իրանց վրա գողացած ոսկի եմ գրել, քանակությունն էլ կարամ ասեմ, Հայաստանից գողնալու համար բռնել եմ: Ինձ դատում էին ոչ թե որպես նախարար, դուխները հերիք չէր անում, այլ որպես Այվազյան Վարդան, էդ էլ չկարողացան»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























