Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանությանը կմասնակցեն նաեւ Ֆրանսիայից ժամանակ երկու փաստաբան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ֆրանսիացի փաստաբանների ներգրավման համար ցանկություն է հայտնել դերասանի ընտանիքը եւ նրանք մարտի 25-ին կժամանեն Հայաստան:

Առաջին դատական նիստը, Նիկոլայ Բաղդասարյանի կանխատեսմամբ, կկայանա մարտի վերջին: Մարտի 12-ին նշանակված նիստը նա խնդրելու է հետաձգել, քանի որ այդ օրը մեկ այլ տեղ նիստի է, դրանից հետո մեկնում է արտերկիր: Նիստը հետաձգելու պօատճառներից է նաեւ այն, որ այժմ բանակցություններ են ընթանում երկու ընտանիքների՝ Հակոբյանների եւ Պետրոսյանների միջեւ:

Նշենք, որ այս գործով առաջին դատական նիստը նշանակված է մարտի 12-ին: Գործը վարույթ է ընդունվել փետրվարի 20-ին, այն կքննվի Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: