«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին հավաք-երթ է կազմակերպում Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, եւ այն կարող է ընթանալ անգամ մինչեւ երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը:
Մեր պայքարը թեւակոխում է նոր փուլ
Հավաք-երթի նպատակներն են.
1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո եւ տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը:
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետեւյալ երթուղով.
Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ:
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին եւ ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար եւ կառուցի՛ր իրավական պետություն»:




























