Ամերիկյան Քենթաքի նահանգից ընտրված սենատոր Ռեն Փոլը հայտարարել է, որ հնարավոր է, ինքն առաջադրվի երկրի նախագահի պաշտոնի համար 2016-ին կայանալիք ընտրություններում, սակայն վերջնական որոշում կկայացնի նոյեմբերին միջանկյալ ընտրություններից հետո:
«Մենք որոշակիորեն խոսում ենք այդ մասին, իմ ընտանիքը խոսում է այդ մասին»,-ասել է Փոլը:
Նշենք, որ Փոլը մարտի 8-ին հաղթել է Conservative Political Action Conference 2014-ի անցկացրած ընտրանքային հարցումներում՝ ստանալով 31 տոկոս ձայն: Երկրորդ տեղում Թեքսաս նահանգից ընտրված հանրապետական սենատոր Թեդ Քրուսն է, որն ստացել է ընդամենը 11 տոկոս ձայն:
Հաղթանակի հաջորդ օրը Փոլն ասել է, որ իր քաղաքացիական ազատությունների պաշտպանության մասին իր հայտարարությունները կարող են օգնել Հանրապետական կուսակցությանը ընդլայնվել երիտասարդների եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավման հաշվին:
Ավելի վաղ Փոլը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խախտում է անձնական իրավունքները՝ Ազգային անվտանգության գործակալության կողմից էլեկտրոնային լրտեսության ծրագրերով: Նա առաջարկել է ուժեղ պաշտպանության տակ վերցնել սահմանադրական իրավունքների 4-րդ ուղղմանն՝ ընդդեմ անհիմն խուզարկությունների եւ կալանավորումների:
«Երիտասարդությունը, մասնավորապես, կորցրել է նախագահի հանդեպ հավատը ու այդ պատճառով, կարծում եմ, որ հանրապետականների համար կա իրական հնարավորություն, որոնք հավատում են Չորրորդ ուղղմանը, ընդլայնելու մեր կուսակցությունը երիտասարդներին ներգրավելու միջոցով»,-ասել է Փոլը:
Նա նաեւ խնդրել է պարզաբանել Քենթաքի նահանգի իրավունքը, որպեսզի որոշվի, կարող է արդյոք ինքը առաջադրվել Սենատում ու որպես նախագահ միաժամանակ, փոխանցում է The Guardian-ը:




























