Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ մարտի 10-ին, ընդունել է Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ եւ քննարկել տիեզերական ոլորտում ՀՀ–ՌԴ համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն Արթուր Բաղդասարյանի եւ «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման եւ հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը նշել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը եւ այս հանդիպումը համահունչ են գիտատեխնիկական եւ արդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը:
Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ «Ռոսկոսմոսի» հետ արդեն կա համագործակցության փորձ` մատնանշելով Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման աշխատանքները:
ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների եւ ճյուղային արտադրության զարգացման ոլորտում: Նա աշխատանքային խմբին տեղեկացրել է, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ:
«Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները եւ պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
Արթուր Բաղդասարյանն ու Սերգեյ Սերեդինը անդրադարձել են տիեզերական ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության` ՀՀ ձեռնարկությունների եւ «Ռոսկոսմոսի» միջեւ համատեղ հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցերի եւս:
Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:
ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաեւ «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























