Հայ ազգային կոնգրեսը թիմ է, որն օգտագործում է սադրանքներ, եւ ամոթ է, որ մեր երկրում Լեւոն Զուրաբյանի նմանները կարող են կոկետություն անել ժողովրդի հետ եւ ինչ-որ բան խոստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, ըստ որի երկրում թավշյա քաղաքական գործընթաց է ընթանում:

Սահակյանի խոսքով՝ իշխող կուսակցությունում բավական դրական են վերաբերվում նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: «Մենք ընդհանուր քաղաքական դաշտում ենք, որտեղ անհրաժեշտ է հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել: Այդուհանդերձ, երբ քաղաքական ուժերը միավորվում են, պետք է ժողովրդին հայտնեն իրենց միավորման նպատակների մասին: Սա առաջին անգամ չէ, երբ նրանք միավորվում են, եւ պետք է դասեր քաղեն նախկին միավորումների հետեւանքներից»:

Ինչ վերաբերում է Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, ըստ որի ինքը ԲՀԿ-ն ընկալում է որպես ընդդիմություն, ապա Գալուստ Սահակյանի խոսքով՝ ՀԱԿ-ի հայտարարությունները կապված երկրի քաղաքական դաշտի հետ, չեն կարող հիմնավոր լինել. «Չի կարելի թաքնվել ԲՀԿ-ի թիկունքում եւ պլաններ մշակել»: