Սգո սերվիսի բիզնեսը, եթե կարելի է դա բիզնես անվանել, իմ պլանների հետ որեւէ առնչություն չունի: Այս մասին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո)՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե փորձում է իր ձեռքում կենտրոնացնել սգո սրահների բիզնեսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սամվել Ալքսանյանի օգնականը:

Գործարար պատգամավորը նաեւ նշել է, որ նման լուրերը «ստիպում են իրեն հետ կանգնել մամուլի նկատմամբ իր ունեցած հանդուրժողականությունից», եւ պատասխանատվության կանչել այն լրատվամիջոցներին, որոնք «փորձում են իմ անվան շահարկմամբ էժանագին վարկանիշ ձեռք բերել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չորրորդ իշխանություն» թերթն իր մարտի 6-ի համարում գրել էր. «Երեկ «ՉԻ»-ն հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին. «Լուրեր են պտտվում, որ Ձեր բիզնեսները մեկով ավեացել են։ Ուզում եք Ձեր ձեռքում կենտրոնացնել նաեւ սգո ծառայությունների բիզնե՞սը»։

Ի պատասխան այս հարցի՝ պատգամավորը նշեց. «Սուտ ա, նման բան չկա»։ «ՉԻ» դիտարկմանը, թե  այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված նման լուրերի շրջանառությունը, Ալեքսանյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչով ա պայմանավորված ու ով ա ըտենց անհեթեթություններ գրում։ Բայց էդ լուրը հորինողների ու պատվիրատուների համար կարամ մի անգամ էդ գործով ճոխ ծառայություն կազմակերպեմ։ Բայց մի անգամ»: