Հայաստանի ստեղծագործական միությունները խնդրում են օրենքում առանձնացնել իրենց կարգավիճակը: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ:
Այս օրինագծով, որը նախաձեռնել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, առաջարկվում է հանել «միություն» բառի օգտագործման սահմանափակումը, այսինքն այդ բառն իր անվան մեջ կարող է օգտագործել ցանկացած հասարակական կազմակերպություն:
Քննարկման ընթացքում առաջարկվել է որոշակի սահմանում տալ «ստեղծագործական միություն» արտահայտությանը, որը վերաբերում է հին ավանդույթներ ունեցող կազմակերպություններին (Նկարիչների միության, Ճարտարապետների միություն եւ այլն): «Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ գրողների միությունը եւ ասենք ֆուտբոլասերների միությունը կամ խաշ սիրողների միությունը գտնվում են նույն մակարդակի վրա»,-նկատել է Արզումանյանը: Նրա առաջարկը մերժվել է:
Իր պատասխան խոսքում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ «ստեղծագործական միություն» հասկացություն օրենսդրության մեջ նախատեսված չէ: «Մնացած փոփոխությունների հետ համաձայն ենք, քանի որ դրանք վերաբերում են ՀԿ-ների ժողովների պարբերականության երկարաձգմանը: Եթե նախկինում ՀԿ-ները պետք է համագումարներ հրավիրեին առնվազն երկու տարին մեկ անգամ, ապա հիմա՝ 4 տարին մեկ անգամ: Նույն ստեղծագործական միությունների ղեկավարները նշում են, որ դա թույլ կտա իրենց ավելի երկարաժամկետ ծրագրեր կազմել»,-ասել է Թովմասյանը:


























