ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետաձգել է իր այցը Ռուսաստան: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այցը նախատեսված էր մարտի 11-ին:

«Նա նախնական համաձայնություն էր տվել, բայց շաբաթ օրը զանգահարեց ինձ եւ ասաց, որ կցանկանար մի փոքր հետաձգել այցը, ինչպես ինքն ասաց, Վաշինգթոնում նոր լրացուցիչ թուղթ է հայտնվել, որն ինքը երեկ ուղարկել է եւ որը մենք վերլուծել ենք: Անկեղծ ասած, դրա հետ կապված մեզ մոտ շատ հարցեր են ծագում»,-ասել է Լավրովը:

Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի համար պատասխան առաջարկներ է պատրաստել՝ կապված Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ: Լավրովը հավելել է, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներում Ռուսաստանին չի բավարարել այն, որ նրանք ելնում են «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իբր հակամարտության առկայությունից եւ կատարված փաստերը ճանաչելու տեսանկյունից»: