Միանշանակ անհրաժեշտ է պաշտպանել հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գիշերային գովազդի մասին օրինագիծը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Անդակո» ընկերության բրենդ-մենեջեր Անդրանիկ Կարապետյանը: Ընկերությունը Հայաստան է ներկրում պարենամթերք ու ալկոհոլային խմիչքներ:

Կարապետյանը նշել է, որ ԱՊՀ երկրներում ալկոհոլային խմիչքի գովազդի համար ավելի խիստ սահմանափակումներ կան, քան այժմ Հայաստանում: Գովազդել այն հեռուստատեսությամբ թույլ տրվում է միայն Ղազախստանում, իսկ որոշ երկրներում գովազդն արգելվում է նույնիսկ սոցիալական ցանցերում:

«Մյուս կողմից, մեզ մոտ հեռուստատեսությամբ ազատ գովազդվում է հայկական կոնյակը: Օղիների համար այն թեեւ ոչ ուղղակի, բայց մրցակից է: Մենք նույնպես կցանկանայինք գովազդով ներկայանալ հեռուստաեթերից: Ուստի եթե նման հնարավորություն լինի, մենք միանշանակ կօգտվենք դրանից»,- նշել է Կարապետյանը:

Նշենք, որ ՀՀԿ պատգամավորների խմբի կողմից(Սամվել Ֆարմանյան, Արման Սահակյան եւ այլոք) նախապատրաստված օրինագիծն առաջարկում է թույլ տալ 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդը երեկոյան եւ գիշերային ժամերին (22-ից մինչեւ 6-ը):

Այժմ Հայաստանում արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, թույլ են տրվում գովազդի այլ տեսակները, այդ թվում եւ արտաքին: