Ղրիմը կարող է Ուկրաինայի տարածքում ռուսական աշխարհի ֆորպոստը դառնալ, ինչը կորոշի մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն: Նման կարծիք է հայտնել Ղրիմի Ինքնավար հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսենովը մարտի 10-ին Սիմֆերոպոլում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Նա նաեւ նշել է, որ քվեարկությունը կորոշի Ղրիմ Ինքնավար Հանրապետության վերջնական պատմական տեղը: «Մենք ապրում ենք պատմական այնպիսի ժամանակաշրջանում, երբ Ղրիմի բնակիչները կարող են իրենց ընտրությունը կատարել: Մեզ են նայում բոլոր հարավ-արեւելյան շրջանները, որոնք նույնպես աջակցության կարիք ունեն: Մենք ձեզ հետ միասին կարող ենք Ուկրաինայի տարածքում ռուսական աշխարհի ֆորպոստը դառնալ: Եւ հանրաքվեն կորոշի դա: Ղրիմի տեղը Ռուսաստանի կազմում է»,- ընդգծել է նա:

Սերգեյ Ակսենովը շնորհակալություն է հայտնել Ղրիմի բնակիչներին աջակցության համար եւ հավաստիացրել, որ միայն ժողովրդի շնորհիվ Ղրիմի իշխանությունները գործելու վճռականություն ունեն:

«Միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները եւ կվերականգնենք պատմական արդարությունը, երբ մենք ինքներս կարող էինք որոշումներ կայացնել: Մենք ապագան կկառուցենք Ռուսաստանի հետ»,- հայտարարել է ՂԻՀ վարչապետն ու կոչ արել թերակղզու բոլոր բնակիչներին մասնակցել հանրաքվեին ու աջակցել ինքնավարության կառավարության գործողություններին, հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը: