Ուկրաինական իշխանությունը ունակ է համազգային երկխոսություն անցկացնել Ղրիմի լրացուցիչ իրավունքներ եւ լիազորություններ տալու շուրջ, պայմանով, որ ռուսական զորքերը դուրս գան թերակղզուց: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է lb.ua-ն:

«Մենք ունակ ենք համազգային երկխոսություն սկսել Ղրիմի Ինքնավար Հանրապետությանը լրացուցիչ իրավունքներ եւ լիազորություններ տալու շուրջ, բայց ոչ ռուսական ինքնաձիգների փողերի ներքո: Այդ որոշումը Ուկրաինայի խորհրդարանը Ուկրաինայի բնակչության հետ միասին, որն ապրում է Ղրիմում, ունակ է ընդունել, բայց ոչ ռուսական տանկերի ու զրահամեքենաների վրա»,-լրագրողներին ասել է  Յացենյուկը:

Նա նաեւ հավելել է, որ իրավիճակը երկրի արեւելյան սահմաններին շատ բարդ է, եւ իրավապահ ծառայություններն անընդհատ սահմանին կանգնեցնում են սադրիչների, որոնք գալիս են Ուկրաինա՝ իրավիճակն ապակայունացնելու, եւ տեղական իշխանության շենքերը գրավելու: Բացի այդ, Յացենյուկի խոսքով՝ մարտի 9-ին Կառավարությունը պետական սահմանի պաշտպանությունն ամրապնդելու մասին որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Յացենյուկը Ղրիմում հակամարտության ողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի իշխանությունների վրա եւ կոչ արել Մոսկվային անհապաղ չեղյալ համարել մարտի 16-ին նշանակված հանրաքվեն: