Հայաստանում ալկոհոլի գովազդներ ընդհանրապես չպետք է լինեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում քննարկվող «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է հանել ալկոհոլի գովազդի արգելքը հեռուստաընկերությունների համար երեկոյան ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ն:
«Ողջ աշխարհը հակառակն է անում. սահմանափակում է ալկոհոլի գովազդը, որը կարծում եմ՝ ճիշտ է: Ուղղակի մեր երկրում տնտեսական իրավիճակի պատճառով, օգտագործում են գումար աշխատելու բոլոր միջոցները եւ հաճախ ոչ սպառողի օգտին: Եթե ուզում են թույլատրել, ապա գոնե ոչ թե ժամը 22.00-ից, այլ կեսգիշերից»,-ասել է Չիլինգարյանը՝ հավելելով, որ իրենց համար դա որոշում չէ, այլ չարյաց փոքրագույնը:
Այսպես, թե այնպես, հավելել է նա, հեռուստատեսությամբ ալկոհոլի գովազդի արգելքը փոխհատուցվում է փողոցային գովազդով: «Փողոցի պաստառներն իրենց ազդեցության տեսանկյունից չեն զիջում հեռուստատեսային էկրաններին»,-ասել է Չիլինգարյանը:




























