Հայաստանի ԱԳՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց Պարտիսա Կաասին իր ներկայության եւ Էդիթ Պիաֆին նվիրված փայլուն համերգային ծրագրով հանդես գալու համար, որով մեկնարկ տրվեց Հայաստանում ֆրանկոֆոնիյաի երկամսյակին:
«Հայաստանն այս տարի հերթական անգամ տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ:
Չորս հարյուրից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլեւ անգամ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում:
Կարեւոր է ընդգծել Հայաստանի պետական կառույցների` հատկապես Ազգային ժողովի, Տարածքային կառավարման, Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներգրավվածությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողքին, որը համակարգում է այդ աշխատանքը: Ողջունելի է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոն մշակույթի այս խոշոր իրադարձությանը:
Ուրախալի է, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները եւ ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջող անցկացմանը օժանդակելու համար, եւ հատկապես Ֆրանսիայի դեսպանությանը եւ անձամբ դեսպանին, որն ամեն տարի, պատրաստակամորեն, իր կարեւոր նպաստն է բերում այս իրադարձության հաջողության ապահովմանը:
Ֆրանկոֆոն երկամսյակը եւս մեկ առիթ է Հայաստանի համար` վերահաստատելու մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին: Դա վկայությունն է այն կարեւորության, որ Հայաստանը տալիս է իր պատկանելությանը ֆրանկոֆոն տարածքին, որը երկխոսության եւ համագործակցության արդյունավետ շրջանակ է եւ մեզ հնարավորություն է ընձեռում առավել համակարգված գործել միջազգային ասպարեզում:
Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ ամրապնդվել է բոլոր բնագավառներում: Այդ համատեքստում ցանկանում եմ, նախ եւ առաջ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը: Ողջունելի է ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի կողմից ՀՀ Ազգային ժողովին վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Դինամիկ զարգացում է ապրում նաեւ ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը, որի վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի` շուրջ երեք տասնյակից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը:
Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լիովին համահունչ է Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ հաստատված սերտ հարաբերություններին: Համոզված եմ, որ այս տարի եւս այն մեծ արձագանք եւ ընդունելություն կգտնի հայ հասարակության լայն շրջանակներում: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ընդունելությանը ողջույնի խոսքերով հանդես եկան նաեւ Պատրիսիա Կաասը, Հայաստանում Ֆրանսիայի դեպսան Անրի Ռենոն։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում մարտի 9-ի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Հայաստանի եւ Սերբիայի արտգործնախարարների ներկայությամբ, տեղի ունեցավ հանրաճանաչ երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը, որը բուռն եւ ջերմ ընդունելության արժանացավ հայաստանյան հանդիսատեսի կողմից։




























