Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը կքննվի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։

Գործը վարույթ է ընդունվել մարտի 7-ին, առայժմ առաջին դատական նիստը նշանակված չէ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վոլոդյա Ավետիսյանը խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձեւավորված վստահությունը եւ դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն,2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Նշենք, որ պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի  34-178-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ կետի (խարդախության փորձ, որը արվել է կաշառք ստանալու պատրվակով)  եւ 178 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերի (խոշոր չափերով կաշառք ստանալու պատրվակով կատարված խարդախություն)  հատկանիշներով: Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին։ Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր բեկանել կալանքը երկու ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը: