Հայաստանի կոալիցիայից դուրս քաղաքական ուժերը խնդիր ունեն մշակել ընդհանուր եւ միասնական գործողությունների ծրագիր, ինչն իրենք, ամենայն հավանականությամբ, անվանում են «ճանապարհային քարտեզ»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան:

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտի 70 տոկոսի համար «ճանապարհային քարտեզ» արտահայտությունն անհասկանալի է: «Դա նրանց համար պարզապես գեղեցիկ բառ է, որն օգտագործում են»,- նշել է քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանն ընդգծել է, որ առայժմ անհասկանալի է, թե ինչ նպատակով են ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը գործողությունների միասնական ծրագիր մշակում: «Հնարավոր է, որ դա արվում է Կառավարության հրաժարականը պահանջելու կամ այլ քայլեր ձեռնարկելու համար, որոնք երկիրը դուրս կբերեն բավական ծանր իրավիճակից: Պետք է իրենց հարցնել: Ինձ համար դրանք պարզապես քաղաքական խաղեր են»,- եզրափակել է քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է խորհրդատվություններ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնական քաղաքական ու տնտեսական օրակարգ կազմելու եւ նպատակին հասնելու համար ճանապարհային քարտեզ կազմելու համար: Մարտի 7-ին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի եւ քարտուղար Աղվան Վարդանյանի հետ: Այսօր՝ մարտի 11-ին, ԲՀԿ առաջնորդը կհանդիպի ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: