2014թ. Համաշխարհային բանկն Ուկրաինային կտրամադրի 3 միլիարդ դոլար` տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար, ասվում է բանկի կայքում:
Միջոցներ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվել է ի պատասխան Ուկրաինայի՝ օգնության մասին դիմումի:
«Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին այս դժվար ժամանակներում եւ հուսով ենք, որ երկրում իրադրությունն արագ կկարգավորվի, - նշել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը: – Մենք պատրաստ ենք օգնել կառավարությանը բարեփոխումներ անցկացնելու հարցում, որոնք խիստ անհրաժեշտ են Ուկրաինային կայուն աճի ուղի վերադարձնելու համար»:
Թե ինչ պայմաններով է Կիեւը ստացել այդ միջոցները, առայժմ չի նշվում: Պարզ չէ նաեւ՝ այդ գումարի մի մասը Ուկրաինային կտրամադրվի արդեն գոյություն ունեցող նախագծերի շրջանակո՞ւմ, թե՞ այդ 3 միլիարդ դոլարը հավելյալ կտրամադրվի` արդեն նախատեսված փոխանցումներին զուգահեռ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի է միայն, որ Համաշխարհային բանկը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինայի տարածքում սկսած նախագծերը:




























