Յակուտիայում շները հոշոտել են իննամյա աղջկան: Դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ի երեկոյան: Աղջիկը երեկոյան տուն չի վերադարձել: Մայրը անհանգստացել է եւ դուրս եկել փնտրելու: Պարզվել է, որ երեխան դարձել էր շների զոհ: Ստացված վերքերից նա տեղում մահացել է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով հանրապետության նախագահի աշխատակազմին:
Ներկայումս պարզվում են կատարվածի բոլոր մանրամասները: Հանրապետության ղեկավարությունը որոշում է կայացրել նյութական օգնություն ցուցաբերել երեխայի ընտանիքին: Յակուտիայի կառավարությունն իր վրա կվերցնի նաեւ տուժած ընտանիքի բոլոր անդամների բժշկական վերականգնումը:
Ոստիկանության ուժերը, քաղաքապետարանի աշխատակիցները, կամավորները հերթապահում են բնակավայրերում, մանկական հաստատությունների եւ վայրի կենդանիների հայտնվելու հավանական վայրերում: Բոլոր ծնողներին խորհուրդ են տվել երեխաներին առանց հսկողության չթողնել փողոցում, անպայման ուղեկցել նրանց դպրոց եւ այլ հաստատություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























