Արդեն վեց օր է, ինչ Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ Արտակ Կարապետյանը գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության ներքո: Լրատվական ծառայության ղեկավարն ասաց, որ համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում, որպեսզի նա դադարեցնի հացադուլը եւ ջրադուլը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:

Դատարանը երիտասարդին դատապարտել է երկու հոդվածներով` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է ` դիտավորյալ սպանություն կատարելը, որը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում, եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն կատարելը` վերջնական պատիժ նշանակելով 15 տարի ազատազրկումը: Դատապարտյալը պահանջում է վերանայել իր գործը եւ փոխել պատժաչափը: