Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բարաք Օբամայի հեռախոսազրույցները մյուս պետությունների առաջնորդների հետ «կենտրոնացած են ոչ միայն հանրաքվեի, այլեւ՝ միասնական դիրքորոշում դրսեւորելու ավելի լայն փորձերի, իրավիճակի դեէսկալացիայի ու այդ ճգնաժամի խաղաղ կարգավորման վրա»:

«Մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի ռուսներին պարզաբանենք, որ նրանց համար կա ուղի, որը թույլ կտա Ուկրաինայի բոլոր բնակիչների իրավունքների պահպանման մոնիթորինգ անցկացնել՝ այդ կերպ չեզոքացնելով պնդումները, որ ռազմական միջամտությունը հարկավոր է էթնիկ ռուսների իրավունքները պաշտպանելու համար: Այդ զորքերը պետք է բազաներ վերադառնան, Ռուսաստանը պետք է երկխոսություն սկսի ուկրաինական կառավարության հետ՝ միջազգային մասնակցությամբ»,-հայտարարել է Քարնին:

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը հեռախոսային երկխոսություն է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Քարնին նշել է, որ երկու առաջնորդներն էլ կարեւորել են Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը: Չինաստանը կարեւոր դեր է խաղում ՄԱԿ-ի ԱԽ-ում ու հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն վերոհիշյալ սկզբունքները չպետք է խախտվեն, հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Հարցին՝ ինչ է պատրաստվում անել ԱՄՆ-ն, եթե Ղրիմի հանրաքվեն  այնուամենայնիվ անցկացվի, Քարնին հիշեցրել է Օբամայի ստորագրած հրամանագիրը՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտողների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման  հնարավորությունների մասին:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացնեյուկի չորեքշաբթի նախատեսված Սպիտակ տուն այցի առթիվ  Քարնին նշել է, որ «մենք Ուկրաինայի նոր կառավարությանը հասկացնում ենք, որ աջակցում ենք իրենց եւ իրենց բռնած պատասխանատու ուղին: Մենք աշխատում ենք այս ծանր ժամանակներում Ուկրաինային անմիջական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան կայունացնել տնտեսությունը եւ տնտեսական աճին վերադառնան: Նախագահը սպասում է այս հանդիպմանը, եւ կարծում եմ՝ դա կընդգծի այն փաստը, որ ԱՄՆ-ն հավատում է՝ ուկրաինական իշխանությունը պատասխանատվորեն լրացրեց ընդդիմության հետ պայմանագրի ստորագրումից հետո Յանուկովիչի անակնկալ, ինքնակամ  հեռացումից  հետո ստեղծված վակուումը: