Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 23-ին ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին։
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ն հայտնում են, որ, ողջունելով մեր անվանի հայրենակցին, նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք հպարտանում ենք Ձեզանով եւ արտերկրում հաջողության հասած մեր ժողովրդի բոլոր զավակներով եւ կարծում ենք՝ կարող եք օգտակար լինել մեր Հանրապետությանը»: Երկրի ղեկավարը շնորհավորել է գիտնականին` վերջին ձեռքբերումների առթիվ եւ նշել, որ Հայաստանում անթաքույց ուրախությամբ էին հետեւում, թե ինչպես է նա ամբողջ աշխարհին պատմում այդ հաջողության մասին: Հիշեցնենք, որ Յուրի Հովհաննիսյանը տակավին վերջերս հայտնաբերել է Մենդելեեւի աղյուսակի նոր տարր:
Հանրապետության նախագահը եւ անվանի գիտնականը քննարկել են Հայաստանի եւ ՄՀՄԻ-ի միջեւ հետագա համագործակցության զարգացման հարցեր, անդրադարձել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրերին։ Ակադեմիկոս Հովհաննիսյանն ասել է, որ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է ԵրՖԻ-ի բազայի վրա Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում:




























