«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական ՀԿ-ների դրամաշնորհներ է տրամադրել՝ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով: Վերոհիշյալ 11 աշակերտական կազմակերպությունները ներկայացնում են հետեւյալ դպրոցները. Խնձորեսկի, Արամուսի, Քուչակի, Վ. Ծաղկավանի, Ոսկետափի, Արազափի միջնակարգ, Մարտունու եւ Ջերմուկի ավագ, Երեւանի թիվ 52 հիմնական, Ստեփանավանի «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» կրթական հաստատությունը եւ Գյումրու «Ֆոտոն» վարժարանը:
Այդ ծրագրի շրջանակներում անցած կիսամյակում՝ որպես ծրագրի գործարար միջոցառումների բաղկացուցիչ մաս, աշակերտները հիմնել եւ գործարկել էին «մինի – գործարար ընկերություններ» եւ նախաձեռնել էին իրական բիզնես գործառնություններ. ընտրել էին բիզնես- կառավարիչներ, կատարել էին շուկայական հետազոտություն, կազմել էին բիզնես- պլան, արտադրել էին ապրանք կամ ծառայություն, մշակել էին գովազդային եւ վաճառքի ռազմավարություն: Իսկ կորպարատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացրել են հանրային եւ համայնքային ծրագրերի նախաձեռնմանը, որոնց իրականացմանը ձեռնամուխ են եղել աշակերտական գործարար ընկերությունները հասարակական կազմակերպությունների վերափոխելու միջոցով:
Ավելի քան 100 աշակերտական հասարակական կազմակերպություններ ներկայացրել էին իրենց հայտ-առաջարկները հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Մրցույթի արդյունքում ներկայացված հայտ-առաջարկներից ընտրվել են վերոհիշյալ 11 լավագույններ աշակերտական կազմակերպությունները, որոնց յուրաքանչյուրին կազմակերպության կողմից շնորհվել է 120 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գրասենյակում ս.թ. մարտի 12-ին տեղի կունենա դրամաշնորհային մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն հաղթած աշակերտական հասարակական կազմակերպությունների նախագահները, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ եւ այլ կազմակերպություններից հյուրեր:



























