Կոտայքի մարզի Մայակովսկիի գյուղում մարտի 11-ին, հուղարկավորեցին Գետիկ գետն ընկած 2-ամյա Շուշանիկ Քոչարյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայակովսկու գյուղապետ Վահագն Բարսեղյանը:

Նա պատմեց, որ երեխան իրենից մեկ տարով մեծ քրոջ հետ խաղում էր տան բակում, ոտքը սայթաքել է, ընկել է տան կողքով հոսող Գետիկ գետը: «Ծնողները երկար ման են գալիս, մտածում են, թե տան բակում կլինի, չեն կարողանում գտնեն, քրոջը հարցնում են՝ բա քուրդ հետդ է, ուր է, ասում է՝ ընկել է գետը, տանում ցույց է տալիս, թե որտեղ է ընկել, բայց այդտեղից չեն հանում, 200 մ ներքեւ են գտնում՝ մահացած վիճակում»,- նշեց նա:

Գյուղապետը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել երեխայի ծննդյան հաջորդ օրը: Վահագն Բարսեղյանն ասաց նաեւ, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը մարտի 9-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2 տարեկան Շ. Ք.-ը կորել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները Գետիկ գետի մեջ հայտնաբերել են երեխայի դին: