Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հաստատել է երկրի պետական դրոշը փոխելու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունը: Նրա խոսքով՝ ներկայիս դրոշը արտացոլում է Մեծ Բրիտանիայի գերիշխանությունը եւ Նոր Զելանդիայի գաղութային անցյալը: Բացի այդ, այն հաճախ շփոթում են հարեւան Ավստրալիայի դրոշի հետ:

Քեյը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում, իր կառավարությունը հանրաքվե կանցկացնի առաջիկա մի քանի տարվա ընթացքում:

Նշենք, որ դրոշը փոխելու հարցում խնդիրը Նոր Զելանդիայի իշխանություններին մտահոգում է 21973 թվականից ի վեր:

1979 թվականին առաջին անգամ առաջարկ է արվել դրոշի վրա արծաթագույն ձարխոտի խորհրդանիշ պատկերել, որն օգտագործվում է Նոր Զելանդիայի սպորտային թիմերի կողմից եւ միջազգային ճանաչում ունի: Վարչապետ Քեյը նույնպես կողմ է, որ պետական դրոշի վրա ձարխոտ լինի:

Իր հերթին, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդն ու Կանաչների կուսակցության ներկայացուցիչը հայտարարել են, որ հաղթանակի դեպքում իրենց եւս դրոշը փոխելու գործընթաց կսկսեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: