Արմավիրի մարզի Ամասիա գյուղի տներից մեկում հայտնաբերված տղամարդը մահացել է հիվանդության հետեւանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամասիայի գյուղապետ Գեորգի Մանուկյանը:

«Անտեր մարդ էր, տուն, ընտանիք չուներ, էդ տանը ապրում էր եւ աշխատում, իրեն պահում էին: Հիվանդացել էր, մեծ գրիժա ուներ, ուզում էին «Շտապօգնություն» կանչել, որ տանեն վիրահատության, բայց մահացավ»,- պատմեց գյուղապետը:

Նա նաեւ նշեց, որ մահացողը  անասնապահական, գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, 4 ամիս առաջ էլ մեկ այլ տանն էր աշխատում, բայց լավ չէին պահել, հիվանդացել էր:

Գեորգի Մանուկյանը պարզաբանեց նաեւ, որ մահացածի տարիքը 50-ից բարձր է,  նրան հայտնաբերել են տան երկրորդ հարկում: Նա նաեւ հավելեց, որ ում տանը նա ապրում էր, վերջերս այդ ընտանիքում մահվան այլ դեպքեր էլ էին արձանագրվել, մահացել էր տանտիրոջ կինը, մայրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 10-ին, ժամը 21.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում` տան տանիքում, հայտնաբերվել է դիակ, որի իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի թիվ 24 կիսակառույց տան երկրորդ հարկում հայտնաբերվել է Ս. Ա.-ի (մոտ 50 տարեկան) դին: Հրշեջ-փրկարաները դին իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: