Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության հրամանը տվել է հարազատ որդին` Արթուր Ալոյանը: Այս մասին այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ դատապարտված Մերաբ Ալոյանի ուկրաինացի փաստաբան Արկադի Բուշչենկոն:

«Մենք ունենք ապացույցներ, որ Շաբաբին սպանելու հրաման տվել է որդին` Արթուր Ալոյանը, սակայն դատարանը դրանք հաշվի չի առնում»,- նշեց ուկրաինացի փաստաբանը:

Արկադի Բուշչենկոն վստահ է, որ ուկրաինական արդարադատությունը Մերաբին ցմահ ազատազրկեց նրա հարստությունն ու բիզնեսը խլելու համար:

«Իմ պաշտպանյալը վստահ է, որ այս ամենն արվում է ուղղակի իր հարստությունն ու բիզնեսը խլելու համար»,- ասաց նա:

Լրագրողների հարցին` ինչով կարող են Հայաստանի իշխանություններն օգնել Ուկրաինայում ցմահ դատապարտված Ալոյանին, Բուշչենկոն պատասխանեց. «Մենք պատրաստվում ենք դիմել Եվրոդատարան: Հայկական կողմը կարող է իր դիրքորոշումը հայտնել, որը կարծում եմ` մեզ բավականին կօգնի:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում, իսկ նրա ընտանիքը Հայաստանում մեկուսացած է ապրում: