«Գիտելիքի վրա հիմնված տնտեսության համար անհրաժեշտ է գիտելիքի վրա հիմնված հասարակություն»: Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ԳԱԱ 2009 թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: Այնուհետեւ ելույթներով եւ տարաբնույթ հարցադրումներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ եւ գիտաշխատողներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԳԱԱ տարեկան ժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ցանկացած կառավարության համար գերնպատակ է ստեղծել մրցունակ տնտեսություն: Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով՝ հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Ավելին, գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա: Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային եւ երկարաժամկետ զարգացման տեսլականը: Մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել գիտությունը եւ դրա վրա հիմնված տնտեսություն: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես դա անել»:
Տիգրան Սարգսյանը մատնանշել է առաջնային դրույթները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում գիտության զարգացման եւ գիտնականի հեղինակությունը բարձրացնելու համար."Դուք պետք է մեզ ներկայացնեք` որոնք են Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած մարտահրավերները, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները եւ դրանց լուծումները: Այդ հարցերի պատասխանները ոչ թե կառավարությունից պիտի պահանջեք, այլ հակառակը` պիտի համարձակություն ունենաք հրապարակային ձեւով դրանք մատուցել հանրությանը: Այդ դեպքում կլուծվի բարոյական խնդիրը, եւ մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի գիտնականին: Ժամանակակից աշխարհում գիտությունը փողը գիտելիքի վերածելու միջոց է, նորարարությունը` նոր ստեղծված գիտելիքը փողի վերածելու միջոց: Հայաստանի Հանրապետությունում կա լրջագույն հիմնախնդիր, որ այս երկու օղակների միջեւ կապը խզված է":
Խոսելով գիտական ներուժի գնահատման մեթոդների մասին` կառավարության ղեկավարը նշել է. «Միայն հրապարակումներով բավարարվել այլեւս չի կարելի: Կարեւոր է ստեղծել միջավայր, որն ապահովում է գիտության եւ արտադրության կապը: Հայաստանի Հանրապետությունում գիտությունը զարգացնելու եւ բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու համար խիստ անհրաժեշտ են հաջողված նախագծեր, հաջողված արդյունքներ»:
Անդրադառնալով ԳԱԱ-ի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մասնակիցների հարցադրումներին` կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է. «ԱԺ-ում սկսվելու է այս նոր օրենքի նախագծի քննարկումը, եւ սպասվում է բավական հետաքրքիր բանավեճ: Մենք ակնկալում ենք, որ այդ քննարկումների ժամանակ ձեր կողմից կլինեն առաջարկություններ եւ լուծումներ, որոնք գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Միայն համագործակցելով կարող ենք Հայաստանի Հանրապետությունում գիտնականի եւ գիտության նկատմամբ վերաբերմունքը փոխել»:




























