Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ դատապարտված Մերաբ Ալոյանին կալանավայրում խոշտանգել են եւ փորձել թունավորել: Այս մասին այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մերաբ Ալոյանի որդին` Ռոման Ալոյանը, որը երեկ գիշեր է Հայաստան եկել` հատուկ լրագրողների հետ հանդիպելու համար:

«Հորս բազմիցս ծեծել են, փորձել թունավորել, խոշտանգել են, ու ոչ միայն իրեն, այլեւ մեզ: Տատիկիս ու պապիկիս դատարանում ծեծել են, իսկ մայրս ու քույրս մեկուսացված են ապրում»,- ասաց նա:

Ռոմանն արդեն չորս տարի հոր հետ չի հանդիպել: Նրա նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցված:

«Լոնդոնում սովորածիս մեղադրում են գողական աշխարհի հետ կապ ունենալու համար, որն ուղղակի աբսուրդ է: Հորս հարստության 25%-ն ինձ է պատկանում, դա էլ են ուզում ձեռքիցս խլել, դրա համար են գլխիս գործ սարքել, որ ինչ ունեմ, խլեն»,- ավելացրեց Մերաբ Ալոյանի որդին` ընդգծելով, որ հորեղբայրն է ցանկանում իրենից խլել իր մասնաբաժինը:

Ռոման Ալոյանն իր հերթին հորն օգնելու համար դիմել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանին, սակայն անօգուտ:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում, իսկ նրա ընտանիքը Հայաստանում մեկուսացած է ապրում: