Ջրի համաշխարհային օրվան (նշվում է մարտի 22-ին) ընդառաջ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում տեղի է ունեցել «Ջուրը եւ էներգիան» թեմայով սեմինար:
Երկրաբանական թանգարանի տնօրինությունից հայտնում են, որ սեմինարին
մասնակցել են մանկավարժներ, դասախոսներ, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնի ուսանողներ, Ն. Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի, «Վարդանանք» կրթահամալիրի, Լ. Շանթի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները:
Միջոցառմանը լսել են թանգարանի աշխատակիցներ Սեդա Ավագյանի եւ Անուշ Գրիգորյանի կողմից պատրաստված «Հայաստանի քաղցրահամ ջրերը», թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի «Ջուրն անփոխարինելի օգտակար հանածո», «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արեւիկ Հովսեփյանի «Ջուրը եւ էներգիան» թեմաներով զեկույցները, որոնցից հետո տեղի է ունեցել զրույց-քննարկում ներկաների՝ մանկավարժների, դասախոսների, աշակերտների, ուսանողների եւ բանախոսների միջեւ:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ արդեն 21տարի շարունակ ամբողջ աշխարհը մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը սեւեռելով քաղցրահամ ջրի կարեւորության եւ քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա:
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2014 թվականին Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Ջուր եւ էներգիա» խորագրի ներքո:


























