Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը գազի բալոններ հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ կասկածյալներ չկան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակներում հարցաքննվել է մոտ մեկ տասնյակ մարդ, սակայն առայժմ ոստիկանները հանցագործների հետքերի վրա դուրս չեն եկել:
Նշանակված են մի շարք փորձաքննություններ՝ դատաքիմիական, միկրոմասնիկների, մատնահետքերը պարզելու վերաբերյալ, բայց առայժմ եզրակացությունները չկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանն մարտի 4-ին, արտակարգ իրավիճակ էր. այնտեղ էին ժամանել բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ: Մարզպետը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ գազի բալոնները հայտնաբերվել են իր կիսակառույց տանը, որտեղ 4 տարի է՝ շինարարությունը է ընթանում եւ դեռ չի ավարտվել: Իսկ թե ով եւ ինչի համար է տեղադրել գազի բալոնները, Սարգիս Սահակյանն ասել էր, որ երեւի փորձել են վառել: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է առանձնապես խոշոր չափի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը:



























