Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ դատապարտված Մերաբ Ալոյանի սանհանգույցը գաղտնի նկարահանվում է: Այս մասին այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մերաբ Ալոյանի փաստաբան Արա Ղազարյանը:
«Ի տարբերություն մյուս ցմահ դատապարտվածների` Մերաբ Ալոյանին ամիսներ շարունակ պահում են մենախցում: Նրա բոլոր գործողությունները նկարահանվում են, նույնիսկ սանհանգույցը: Փաստորեն, մարդը մի րոպե մենակ մնալ չի կարող»,- ասաց նա:
Մերաբ Ալոյանը փաստաբանին շատ հաճախ է նամակներ ուղարկում, որտեղ մանրամասն նկարագրում է, թե իր հետ ինչպես են վարվում:
«Ամեն անգամ քննիչի մոտ տանելու համար ստիպում են «լաստոչկա» քայլվածքով գնալ: Սա արդեն ամեն ինչ ասում է»,- ավելացրեց Արա Ղազարյանը:
Ուկրաինայում ցմահ դատապարտված Մերաբը կալանավայրից նամակ էր փոխանցել նաեւ լրագրողներին, որն ընթերցեց Մերաբի որդին` Ռոման Ալոյանը:
«Խնդրում եմ Հայաստանի իշխանություններին օգնել ինձ»,- մասնավորապես ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում, իսկ նրա ընտանիքը Հայաստանում մեկուսացած է ապրում:


























