Ղրիմի հարցը որեւէ էական ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Քաղաքագետն ընդգծել է, որ, Ղրիմում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացումը ժողովրդի անքակտելի իրավունքն է: «Բայց մյուս կողմից, թեեւ աշխարհի տարբեր թեժ կետերը ինչ-որ ընդհանուր գծեր ունեն, ղարաբաղյան հիմնահարցը էապես տարբերվում է Ղրիմի խնդրից, քանի որ բոլորովին այլ են աշխարհաքաղաքական խաղացողներն ու դրված խնդիրները»,-ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ղրիմում նախատեսված հանրաքվեն կկայանա, սակայն այլ հարց է, թե ինչ հետագա սցենարներ տեղի կունենան: «Հնարավոր է, համաձայնության հասնելու ընդհանուր եզրեր գտնվեն, քանի որ եւ Ռուսաստանը եւ Արեւմուտքը, կածես դրան են գնում: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ որոշակի տարաձայնություններ կան»,-պարզաբանել է փորձագետը:
Նրա համոզմամբ՝ հայտարարություններն այն մասին, որ Արեւմուտքի պատժամիջոցները մեծ հարված կհասցնեն Ռուսաստանին, մի փոքր չափազանցված են: «Գլոբալ տնտեսության մեջ շատ բարդ է մեկուսացնել նման հսկայական խաղացողի, ինչպիսին Ռուսաստանն է: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհարվածեն նաեւ այն երկրների դիրքերին, որոնք դրանք կիրառում են»,-նշել է Գագիկ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























