Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան դեմ է Ղրիմում մարտի 16-ին Ռուսաստանին միանալու հետ կապված հանրաքվեին։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին։

Դավութօղլուն նշել է, որ թեեւ Ուկրաինան հեռու է Թուրքիայից, սակայն իրենք ուշադրությամբ հետեւում են այնտեղ կատարվող իրադարձություններին։ Անդրադառնալով Ղրիմի հարցին, Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, թե Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի եւ տեղի մյուս պատասխանատուների հետ շփման մեջ է եւ հարցի կարգավորման մեջ աշխատում է ներգրավել ԵԱՀԿ-ին։

Դավութօղլուն պնդել է, թե պետք չէ մարտի 16-ին հանրաքվե անցկացնել։ Նրա խոսքով պետք է այդ հանրաքվեն հետաձգել եւ բոլոր դիվանագիտական ճանապարհներն օգտագործել՝ հարցի կարգավորման համար։