Գովազդի շուկայի խնդիրները լուծելու փոխարեն խորհրդարանական մեծամասնությունը ալկոհոլային խմիչքների գովազդով է զբաղվում, մարտի 11-ին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը քննարկելիս:
Մանուկյանի խոսքով՝ ինքը կցանկանար իմանալ՝ տեղական արտադրության որ օղին է գովազդվելու. «Կգովազդեք «ԼուսԱստղ» օղի, որը խմում են ընչազուրկ մարդիկ՝ մոռանալու համար: Դե, եկեք թունավորենք ժողովրդին: Գովազդի բնագավառում առանց այն էլ անգրագիտություն է տիրում. «տղամարդկանց կաշվից կոշիկ» են գովազդում: Մենք գովազդում ենք արտագաղթը, գովազդում ենք ավտոբուսները, որոնցով կարելի է հարմարավետ կերպով հեռանալ երկրից»:
Ընդդիմադիրը նշեց, որ այս օրինագծի շնորհիվ մի խումբ մարդիկ ցանկանում են հարստանալ, քանի որ բոլորը գիտեն՝ ում է պատկանում գովազդի մենաշնորհը:
«Երբ ձեր երեխաները հարցնում են՝ ինչպես եք քվեարկել, դուք ասում եք՝ այնպես, ինչպես Գալուստ Սահակյա՞նն ասաց: Բավական է, եղեք նախաձեռնող», - խորհրդարանական մեծամասնությանը դիմեց Մանուկյանը:
Նշենք, օրինագիծն առաջարկում է ժ. 22:00—ից մինչեւ 06:00-ն հեռուսատատեսությամբ ալկոհոլի գովազդը թուլատրել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























