«Ժնեւ-2» խորհրդաժողովը ցույց տվեց, որ Սիրիայում կան տարածքներ, որոնք չեն ենթարկվում  ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժերին: Այս մասին մարտի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նա նշել է, որ խորհրդաժողովը մեծ հաշվով չի պատասխանել իր առջեւ ծառացած կարեւոր հարցերին: Միաժամանակ, «Ժնեւ-2»-ը պետք է վերահսկողության տակ պահի Սիրիայի դեպքերի զարգացման տենդենցը:

Ըստ փորձագետի՝ թեեւ Սիրիայից դուրս սիրիական հիմնախնդրի կարգավորման բոլոր գործընթացները շատ կարեւոր են, ոչ պակաս կարեւոր են պետություն ներսում տեղի ունեցող գործընթացները: Ըստ արաբագետի՝ այժմ Սիրիայում լուրջ բախումները հիմնականում տեղի են ունենում ընդդիմություն-ընդդիմություն ձեւաչափով, իսկ կառավարական ուժերը սահմանափակվում են ռազմաօդային հարվածներով: «Դա որոշ չափով ստիպել է «Իրաքի Իսլամական Պետություն» կազմակերպությանը զիջել իր դիրքերը, սակայն այստեղ չպետք է ոչ մի լավ բան սպասել, քանի որ նրանց տեղը կզբաղեցնեն այլ իսլամական ուժեր», - ընդգծել է Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայումս ինտենսիվ մարտերը հիմնականում տեղի են ունենում սիրիա-լիբանանյան սահմանին:

«Սիրիայում իրադարձությունների վրա ազդել է նաեւ այն, որ երկրի ընդդիմադիր ուժերին ֆինանսավորողները, մասնավորապես՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը, իրենց խնդիրներն ունեն, եւ նրանց ուշադրությունն այժմ հիմնականում սեւեռված է իրենց պետությունների ներքին իրավիճակի վրա», - նշել է արաբագետը: