2013 թվականին, 2011-ի համեմատ, պետական մարմիններին ուղղված հարցումներին թերի պատասխանների թիվն աճել է 10 անգամ. անհիմն մերժումների թիվը՝ 4 անգամ: Այս մասին հայտարարել է ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը:

«Եթե նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները եւ անպատասխան էին թողնում տեղեկատվություն ստանալու հարցումը, ապա այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափողական, ոչ ըստ էության պատասխան»,- նշեց Լիանա Դոյդոյանը:

Կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն էլ ներկայացրեց 2013-ի ընթացքում կենտրոնի կողմից տեղեկություն տնօրինող մարմիններին ուղարկված հարցումների վիճակագրությունը: ԻԱԿ-ի հարցումներին տրված պատասխանների առումով վատագույնը «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն է, որը 2013 թ.-ին ԻԱԿ-ի կողմից իրեն հասցեագրված 3 հարցումներին էլ տրամադրել է անհիմն մերժումով պատասխան: ԻԱԿ-ը ՓԲԸ-ի մերժումը համարում է ոչ իրավաչափ եւ վիճարկել է դրանք դատական կարգով:

Կենտրոնի իրավաբանն անդրադարձել է նաեւ հարցումների հիման վրա ԻԱԿ-ի նախաձեռնած դատական պրակտիկային: «ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության եւ ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործերով դատարանը ոչ միայն ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այլ նաեւ պարտավորեցրեց պատասխանողներին փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը` կուսակցության դեպքում 100.000 ՀՀ դրամի, իսկ ԱԺ-ի դեպքում` 50.000 ՀՀ դրամի չափով»,- ամփոփեց ԻԱԿ իրավաբան Գեւորգ Հայրապետյանը:

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն,  քաղաքացու բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր, հարցումը լսելուց անմիջապես հետո կամ հնարավոր ամենասեղմ ժամկետում, իսկ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք կա: