Նախիջեւանը պետք է հետ բերել, քանի որ այն հայ էթնոսի ձեւավորման հիմնական օջախներից մեկն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախիջեւան» ազգային քաղաքական նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Նախիջեւանը եղել է հայ էթնոսի ձեւավորման հիմնական օջախներից մեկը։ 1921 թվականից այն բռնակցվել է Ադրբեջանին։ Բայց մենք համոզված ենք, որ բռնագրավված երկրամասը վաղ թե ուշ կանցնի իր պատմական տիրոջը, եթե մեր մեջ չմարի սերը դեպի հարազատ երկրամասը։ Այդ պատճառով էլ մենք ստեղծել ենք «Նախիջեւան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը, որը պիտի հետապնդի Նախիջեւանի խնդիրը։
«Նախիջեւան» նախաձեռնության հիմնական նպատակներն են.
1. Վերափոխել Նախիջեւանի խնդրի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքն եւ կարծրացած պատկերացումները ազգային նպատակների ու պահանջատիրության նկատմամբ,
2. Վերհանել Նախիջեւանի պահանջատիրության իրավական եւ քաղաքական հիմքերը միջազգային իրավունքի տեսանկյունից,
3. Քննության առնել Նախիջեւանի՝ իբրեւ Հայաստանի շրջափակման գործիքի վերածման հարցը,
4. Վերլուծել Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ տնտեսական զարգացման դժվարությունները Նախիջեւանի՝ Հայաստանից օտարված մնալու պայմաններում,
5. Քննարկել Նախիջեւանը որպես Հայաստանի մաս լինելու հեռանկարով Իրանի շահագռգռվածության հնարավորությունը։
Նախիջեւանը պետք է հետ բերել։ Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայրենիքի ցանկացած մասի ճակատագրի հանդեպ, այլապես վաղը անհայրենիք կմնանք։ Նախիջեւանցին ծննդավայր վերադառնալու հույսը դեռ չի կորցրել»։




























