Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն ռադան հռչակագիր է ընդունել՝ ՂԻՀ ու Սեւաստոպոլի անկախության վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Ղրիմի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ արտահերթ նստաշրջանի ժամանակ փաստաթղթի հաստատմանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր:

Ըստ հռչակագրի՝ եթե մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հաստատվի, որ Ղրիմը, ինչպես նաեւ Սեւաստոպոլը պետք է ներառվեն Ռուսաստանի կազմում, դրանից հետո Ղրիմը կհայտարարվի անկախ ու ինքնիշխան պետություն՝ ղեկավարման հանրապետական ձեւով:

Ղրիմի հանրապետությունը կլինի ժողովրդավարական, աշխարհիկ ու բազմազգ պետություն, որը պարտավորվում է իր տարածքում պահպանել խաղաղություն, ազգամիջյան ու միջկրոնական համաձայնություն:

Հանրաքվեի արդյունքում համապատասխան տվյալներ ստանալու դեպքում Ղրիմի Հանրապետությունը կդիմի Ռուսաստանին՝ համապատասխան միջպետական պայմանագրի հիման վրա այն ՌԴ կազմում ներառելու եւ ՌԴ սուբյեկտի կարգավիճակ շնորհելու:

Հռչակագիրը ստորագրել է ՂԻՀ Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը ու Սեւաստոպոլի քաղխորհրդի նախագահ Յուրի Դոյնիկովը: