Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել եւ այսուհետ գործարկելու է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության գնահատման ինդեքս: Այս մասին հայտարարել է ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը:
Ամենամյա ինդեքսը կազվելու է 50-ից ավելի չափորոշիչների հիման վրա, որոնք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացում, հրապարակայնության/մատչելիության ապահովում տեղեկություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ եւ տեղեկություն տնօրինողի աշխատակազմ եւ աշխատաոճ։ «Տեղեկություն տնօրինողների գնահատումն իրականացվելու է տարեկան մեկ անգամ: Գնահատումն իրականացվելու է երեք փուլից բաղկացած գործընթացով,- նշեց Լիանա Դոյդոյանը: Առաջին փուլում գնահատվող տեղեկություն տնօրինողներին ավտոմատ համակարգով ուղարկվելու է 53 հարցից բաղկացած հարցաշար էլեկտրոնային փոստի այն հասցեով, որը հրապարակված կլինի տվյալ մարմնի պաշտոնական կայքում։ Երկրորդ փուլում հարցերի պաշտոնական պատասխանները ստանալուց հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները ստուգելու են մարմնի տրամադրած պատասխանների պատշաճությունը: ԻԱԿ-ի վերհանած անճշտությունները համապատասխան պատճառաբանությամբ ներկայացվելու են տեղեկատվություն տնօրինողներին` պարզաբանման համար, իսկ վերհանված ակնհայտ անհամապատասխանությունների դեպքում հաշվի են առնվելու ԻԱԿ-ի ճշգրտած տվյալները: Երրորդ փուլում ԻԱԿ-ի մշակած էլեկտրոնային համակարգն ավտոմատ համադրելու է մարմինների պատասխանները եւ ԻԱԿ-ի դիտարկումները եւ հավաքված տվյալների հիման վրա կազմելու է գնահատված բոլոր մարմինների հրապարակայնության եւ տեղեկատվութան ազատության աղյուսակ` մարմիններին դասակարգելով ըստ հրապարակայնության մակարդակի»։



























