2013 թ.-ի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ներկայացրել է տեղեկություն ստանալու 203 հարցում, որոնցից ոչ մեկին ի պատասխան տեղեկություն տնօրինողները չեն տրամադրել օրինական մերժում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնից:

ԻԱԿ-ը հարցումների պատասխաններն անհիմն է համարել այն դեպքերում, երբ տրամադրվել է խնդրված տեղեկություններից տարբերվող այլ տեղեկություն: Իսկ լիարժեք պատասխանների թիվը գրեթե չի փոխվել. 2013 թ.-ին այն կազմել է 63%, 2012 թ.-ին` 65%, իսկ 2011 թ.-ին` 69%: Օրինական մերժում/հիմնավոր հղումների թիվը նույնպես ըստ էության չի փոխվել. 2013 թ.-ին այն կազմել է 6%, 2011 եւ 2010 թ.թ.-ին` 5%:

Թեեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է արդեն շուրջ 10 տարի, իսկ տեղեկատվության ազատության իրավունքը զարգանում է, եւ այդ իրավունքի կիրառման պարկտիկայում նկատվում է դրական միտում, սակայն, այսօր էլ ՏԱ ոլորտում մեծ խնդիր են մնում լուռ մերժումները, ինչպես նաեւ ոչ լիարժեք, թերի պատասխանները: Լուռ մերժումների թիվը, սակայն, վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ նվազել է, օրինակ՝ 2011 թ.-ի համեմատ լուռ մերժումների թիվը 2013 թ.-ին նվազել է շուրջ 3 անգամ, բայց այդ թիվը կրճատվում է` փոխարինվելով մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: Մասնավորապես՝ 2011 թ.-ի համեմատ` թերի պատասխանների թիվը 2013 թ.-ին աճել է 10 անգամ, անհիմն մերժումների թիվը` 4 անգամ, իսկ անհիմն պատասխանների թիվը` 2 անգամ:

ՏԱ ոլորտի հաջորդ խնդիրը տեղեկատվության տրամադրման ժամկետների պահպանումն է. շատ դեպքերում ԻԱԿ-ը ստանում է թեեւ լիարժեք, սակայն ուշացումով պատասխան: 2013 թ.-ին ԻԱԿ-ի ստացած լիարժեք պատասխանների շուրջ 30%-ը տրամադրվել են ուշացումով: Ըստ 2013 թ.-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցումներին տրամադրած պատասխանների՝ տեղեկատվության ազատության ոլորտում միանշանակ լավագույն մարմիններ չկան: Օրինակ, լիարժեք պատասխանների առումով 2013 թ.-ին լավագույններից էր Երեւանի քաղաքապետարանը, որն այդ տարի իրեն ուղղված 14 հարցումներից 13-ին տրամադրել էր լիարժեք պատասխան կամ հիմնավոր հղումով պատասխան: Սակայն, քաղաքապետարանը լիարժեք պատասխաններից միայն 4-ի դեպքում է պատասխանը տրամադրել ժամանակին, մնացած դեպքերում պատասխանն ուշացած է, ընդ որում` որոշ պատասխաններ տրամադրվել են հարցումն ուղարկելուց 15 եւ ավելի օր անց: Ըստ 2013 թ.-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցումներին տրամադրած պատասխանների՝ տեղեկատվության ազատության ոլորտում վատագույն մարմիններ առանձնացնելը նույնպես միանշանակ չէ: Այսպես, ԻԱԿ-ի հարցումներին տրված պատասխանների առումով վատագույնը «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն է, որը 2013 թ.-ին ԻԱԿ-ի կողմից իրեն հասցեագրված 3 հարցումներին էլ տրամադրել է անհիմն մերժումով պատասխան:

2013 թ.-ի ընթացքում տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերից ավարտվել են 5-ը (ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի, ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության, ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի, ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության, ԻԱԿ-ն ընդդեմ  ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության եւ ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության,ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի): ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության եւ ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության եւ ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության գործերով ԻԱԿ-ը հաշտություն է կնքել պատասխանող կողմերի հետ` հաշվի առնելով, որ մինչեւ դատաքննության ավարտը տեղեկություն տնօրինողները տրամադրել էին ԻԱԿ-ի հարցումներով խնդրված տեղեկություններ: Մնացած 4 գործերը ավարտվեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաղթանակով, ընդ որում` ունեցան նախադեպային նշանակություն: