Մարտի 11-ի ցերեկը Բաքվում բողոքի հերթական ցույցն է տեղի ունեցել՝ ուղղված պաշտոնյաների կամայականությունների դեմ:
haqqin.az-ին ցույցի մասնակիցները հայտնել են, որ իրենց հետ հանդիպել են Բաքվի բնակարանային եւ կոմունալ բաժնի լիազոր ներկայացուցիչները: Նրանք փորձում են հանգստացնել ցուցարարներին եւ խոստանում են, որ շուտով բնակելի զանգվածում ճանապարհների կարգավորման աշխատանքները կշարունակվեն: Սակայն տեղի բնակիչները նրանց չեն հավատում եւ շարունակում են բողոքի ցույցը:
Սուրախանի շրջանի Բյուբյուլա ավանի «Ա» բնակելի զանգվածի բնակիչների բողոքի ցույցը շարունակվում է արդեն երկրորդ օրը: Բնակիչները բողոքում են կյանքի անտանելի պայմաններից, որը կապված է ճանապարհների բացակայության հետ: Հատկանշական է, որ բնակելի զանգվածը գտնվում է օդանավակայան տանող ճանապարհի մոտ: Տեղի բնակիչների խնդիրները լուծելու փոխարեն պաշտոնյաներն ավելի հեշտ միջոց են գտել եւ այդ տարածքը թաքցրել մեծ ցանկապատի հետեւում:
Քաղաքացիներն ստիպված են եղել իրենք ճանապարհները պատել ավազով եւ խճով, սակայն «Ազերսու» ՍՊԸ-ի աշխատակիցները, պատճառաբանելով վերանորոգման աշխատանքները, նորից էին փորել բոլոր ճանապարհները, որից հետո մայրուղին նորից անտանելի վիճակում էր հայտնվել: Բազմաթիվ բողոքներից հետո շրջանի գործադիր իշխանությունը որոշել էր զանգվածում բարեկարգման անհրաժեշտ աշխատանքներ կատարել, սակայն դրանք անավարտ էր թողել, որը հարուցել էր տեղի բնակիչների նոր դժգոհությունը:



























