Ուկրաինան դիմում է իր անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավոր երկրներին (ըստ Բուդապեշտյան հուշագրի)՝ խնդրելով իր անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկել:

Ուկրաինայի խորհրդարանը երաշխավոր երկրներին խնդրում է ձեռք առնել բոլոր հնարավոր, այդ թվում ռազմական միջոցները՝ Ուկրաինայի տարածքում ագրեսիան կանխելու համար: Համապատասխան որոշմանը Գերագույն Ռադայում կողմ է քվեարկել 263 պատգամավոր:

«Գերագույն Ռադան դիմում է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությանն ու Հյուսիսային Իռլանդիային եւ ԱՄՆ-ին, որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Ուկրաինայի միանալու հետ կապված այդ երկրի անվտանգության երաշխիքների մասին հուշագրի մասնակից երկրների՝ խնդրելով կատարել իրենց պարտավորությունների այդ հուշագրի դրույթների համաձայն եւ օգտագործել բոլոր հնարավոր դիվանագիտական, քաղաքական, տնտեսական եւ ռազմական միջոցները ագրեսիան անհապաղ կանխելու եւ Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը եւ գոյություն ունեցող սահմանները պահպանելու համար»,-ասված է հայտարարությունում:
Ուկրաինայի խորհրդարանը դիմում է նաեւ Ռուսաստանին, որը եւս Բուդապեշտյան հուշագրի անդամ երկիր է, պահանջելով անհապաղ դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի տարածքից եւ դադարեցնել ագրեսիան ուկրաինական պետության դեմ, հաղորդում է ЛІГА-ն:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ուկրաինայի խորհրդարանը դիմել էր Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների խորհրդարաններին եւ միջազգային կազմակերպություններին: