ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական նիստն է անցկացրել՝ նվիրված Ուկրաինայի իրավիճակին:

Դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել այն մտավախությանը զուգահեռ, որ առաջիկայում Ռուսաստանը կարող է Ղրիմը բռնի միացնել իրեն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հաղորդվում է, որ ԱԽ-ն փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում լսել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի եւ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւի զեկույցները:

ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ նիստում «ոչ մի նոր բան» տեղի  չի ունեցել:

Խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Լյուքսեմբուրգի դեսպան Սիլվիա Լուկասը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ խորհրդի շատ անդամներ խոսել են իրավիճակի լարվածությունը թոփափելու մասին եւ կոչ են արել հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական անկախությունը:

Ըստ նրա՝ ԱԽ-ի մի շարք անդամներ հայտարարել են, որ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը խախտում է երկրի Սահմանադրությունը եւ այդ պատճառով էլ անօրինական է:

Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն նախազգուշացրել է, որ օրեցօր իրավիճակը վատանում է:

Արոն Մոսկվային կոչ է արել բանակցություններ սկսել՝ նշելով, որ եթե Ռուսաստանը Ղրիմը միացնի իրեն, իրավիճակը «միանգամայն կլրջանա»  եւ բացասաբար կազդի միջազգային հարաբերությւոնների վրա: 

Իր հերթին Բրիտանիայի դեսպան Մարկ Լայալ Գրանտը հայտնել է, որ Ռուսաստանը հայտնվում է մեկուսացման մեջ: Նա Մոսկվային կոչ է արել հետ կանչել զորքերը եւ Ղրիմ թողնել միջազգային դիտորդներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը անհանգստություն է հայտնել  ստեղծված իրավիճակի կապակցությամբ, նշելով, որ Ղրիմի իրադարձություններն էլ ավելի են խորացրել ճգնաժամը: Նա բոլոր կողմերին կոչ է արել «զերծ մնալ շտապողական գործողություններից եւ սադրիչ հայտարարություններից»:

Նշենք, որ անցյալ շաբաթ Բան Կի-Մունը Կիեւ էր ուղարկել մարդու իրավունքների իր պաշտպան Իվան Սիմոնովիչին: ՄԱԿ-ի մեկ այլ դիվանագետ Ռոբերտ Սերին  ստիպված էր եղել լքել Ղրիմը՝ զինված մարդկանց սպառնալիքների պատճառով: 

Արեւմուտքի կողմից հավանություն ստացած Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենի Յացենյուկը այս շաբաթ մեկնում է ԱՄՆ՝ օգնություն ստանալու նպատակով:

Սպասվում է, որ մարտի 12-ին նա կհանդիպի նախագահ Բարաք Օբամային, ինչպես նաեւ աջակցության համար կդիմի ՄԱԿ՝ մարտի 16-ին Ղրիմում նախատեսված հանրաքվեի նախաշեմին: