Դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 4 միլիոն 200 հազար դրամ գումար, որը նրանք արդեն հանձնել են դերասանին: Մարտի 10-ին ինստիտուտի մոտ 20 ուսանողներ՝ արդեն երկրորդ անգամ այցելեցին Կարենին և նրան հանձնեցին վերջին երկու օրվա ընթացքում հավաքված 2 միլիոն 600 հազար դրամ գումարը:
Չնայած առողջական խնդիրներին ու դժվարությամբ խոսելուն, դերասանն ընդունեց հյուրերին, մասնագիտական խորհուրդներ տվեց, կատակեց նրանց հետ: Ինչպես ուսանողներն ասացին, այնպիսի տպավորություն էր, կարծես Կարենն ինքն էր իրենց տեսակցության գնացել:
«Թե այսօր, թե ուրբաթ օրը, երբ եկել էինք առաջին երկու օրվա գումարը տալու, մենք լսողի դերում էինք: Ոնց որ հիվանդը մենք լինեինք: Մենք լսում էինք ուղղակի, որովհետև թե կյանքի փորձի, թե արվեստի հետ կապված, իր խորհուրդները չեն թողնում խոսել, քեզ ստիպում են լսել»,- NEWS.am-ին ասաց դրամահավաքի նախաձեռնողներից Գրիշա Սահակյանը:
Երիտասարդների մոտ դրամահավաքի միտքն առաջացել է, երբ լսել են Կարենի հիվանդության բարդանալու և նրան օգնելու անհրաժեշտության մասին:
«Փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի իրեն օգտակար լինենք: Գտանք արկղեր, Կարենի նկարը փակցրինք ու դուրս եկանք: Քաղաքի փոքր կենտրոնում պտտվելուց հետո հավաքեցինք 845 հազար դրամ: Հետո շարունակեցինք ու 4 օրվա ընթացքում մոտ 4 միլիոն 200 հազար դրամ հավաքեցինք»,- ասաց Գրիշա Սահակյանը՝ նշելով, որ դրամահավաքը շարունակելու են անգամ այն ժամանակ, երբ Կարենը Հայաստանում չլինի:
Կարենի ՝ արտերկրում բուժվելու անհրաժեշտությունը, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը, օրեցօր ավելի է մեծանում: «Վիճակը գնալով բացահայտ վատանում է: Ոտքերը չի կարողանում շարժել, ձեռքերը թուլանում են, խոսակցականը կապ է ընկել, կողմնակի ցավերի մասին էլ չեմ ասում: Միակ հույսն այն է, որ կգնա այնտեղ, մի բան դուրս կգա»,-ասաց նա՝ նշելով, որ Կարենի բուժման համար արդեն հավաքվել է 30 հազար եվրո: Դերասանին օգության ձեռք են մեկնել ծանոթ ու անծանոթ մարդիկ՝ Հայաստանում և արտերկրում:
Նրանց շնորհիվ Կարենը առաջիկա շաբաթվա ընթացքում բուժման կմեկնի Գերմանիա՝ իր ընկերներից Վարդան Արզումանյանի հետ: Վարդանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայնության են եկել հիվանդանոցի հետ և սկզբի համար 5 հազար եվրոն բավարար է ստուգումներն անցկացնելու համար:
«Հետազոտություն կանցնի, այնուհետև հստակ կիմանանք՝ ինչքան գումար է պետք: Դա կարող է լինել 50-80 հազար եվրո, կամ 80 հազար եվրոյից ավելի: Եղած 30 հազարը ձեռք բերելուն օգնել են մարդիկ, որոնք իրենք օգնության կարիք ունեն: Իսկ այն մարդիկ, որոնք օգնության կարիք չունեն, օգնելու կարիք էլ չունեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903: Կարենին օգնելու նպատակով Առնո Բաբաջանյան համերգասրահում մարտի 30-ին կկազմակերպվի բարեգործական համերգ, իսկ մարտի 9-ին էլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու ՀԱԱՀ-ի վարժարանի ուսանողները անցկացրեցին բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում հավաքվեց մոտ 150 հազար դրամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, որը վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում է անվասայլակին, սակայն այժմ նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը:











