Լոս Անջելեսի շրջանի Լա Կանյադա քաղաքում տարօրինակ վթար է տեղի ունեցել.  կինը եւ դեռահասը հիվանդանոց են տեղափոխվել մեղուների հարձակման հետեւանքով, երբ նրանց մեքենան բախվել է ծառին: Այս մասին գրում է «Los Angeles Times»-ը:

Երկու մեքենաների ճակատային հարվածից հետո դրանցից մեկը բախվել է ծառին, որի փչակում մեղուներ էին ապրում: Գազազած մեղուները հարձակվել են երկու վարորդների վրա, որոնք մեքենաներից դուրս էին եկել զրուցելու: Վարորդներից մեկը՝ 51-ամյա կինը, վազել է տներից մեկի  հետնաբակ եւ ցատկել լողավազանը: Կինը լողավազանում է մնացել մինչեւ շտապօգնության ժամանումը:

Մյուս վարորդը՝ 17 տարեկան դեռահաս աղջիկ, ընկել է գետնին, եւ մեղուները շրջապատել են նրան: Առաջինը դեպքի վայր ժամանած շերիֆի օգնականը տեսել է դեռահասին եւ կրակմարիչի օգնությամբ հեռու քշել մեղուներին: Երկու կանայք էլ  մեղվի հարյուրավոր խայթոցներ էին ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Շերիֆի օգնականին նույնպես խայթել էին, սակայն նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք չէր եղել: