Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են երկրում Շվեյցարիայի դեսպան Մարսել Շտուտցին՝ Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վերջերս կայացրած վճռի կապակցությամբ Ավստրալիայի հայ  համայնքի անհանգստությունը հայտնելու նպատակով: Այս մասին գրում է  «Asbarez»-ը:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները Շվեյցարիայի դեսպանին են ներկայացրել փաստացի անճշտությունների ցուցակը, որոնք ակնհայտ էին ՄԻԵԴ-ի դատավճռում, ինչպես նաեւ Շվեյցարիայի կառավարությանը կոչ էին արել բողոքարկել այդ վճիռը:  «Շվեյցարիան ցեղասպանությունների ժխտման եւ ժխտումը քրեականացնող միջազգային առաջատար է, այդ պատճառով էլ մենք Շվեյցարիայի իշխանություններին կոչ ենք անում բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը»,–  հանդիպման արդյունքներն ամփոփելով նշել է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:  

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրք գործիչ Դողու Փերինչեքի  հայցը Շվեյցարիայի դեմ՝ այն հիմնավորելով  խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Բանվորական կուսակցության առաջնորդ Փերինչեքը 2008թ. Շվերյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար: