ՄԱԿ-ի գրասենյակում, այսօր՝ մարտի 11-ին մեկնարկել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նկարչուհի՝ Հասմիկ Ավետիսյանի եւ քանդակագործ՝ Նունե Թումանյանի աշխատանքները:

Արվեստի այս գործերը գրավեցին լրագրողների, արվեստագետների եւ լայն հանրության ուշադրությունը: Միջոցառման նպատակն է խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը եւ շեշտել, թե որքան կարեւոր է գենդերային հավասարությունը, կանանց լիազորությունների  ընդլայնումը, մարդու իրավունքներից կանանց լիակատար օգտվելը տնտեսական եւ սոցիալական զարգացման համար:

Կանանց միջազգային օրը տոնվում  է աշխարհի տարբեր երկրներում: Սա մի հնարավորություն է ճանաչելու նրանց ձեռքբերումները առանց որեւէ խտրականության՝ լինի դա ազգային, էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական թե քաղաքական: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց նշել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին:

Կանանց միջազգային օրվան նվիրված իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ Բան Կի - Մունը շեշտել է կանանց հիմնարար դերը. «Այն երկրները, որտեղ գենդերային հավասարությունն ավելի շատ է, գրանցում են առավել մեծ տնտեսական աճ: Այն ընկերությունները, որտեղ կանայք շատ են, ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: Խաղաղության այն համաձայնագրերը, որոնք ներառում են կանանց, առավել ամուր են: Այն խորհրդարանները, որտեղ կանայք շատ են, առավել շատ օրենսդրական ակտեր են կիրառում այնպիսի հիմնարար սոցիալական հարցերում, ինչպիսիք են՝ առողջությունը, կրթությունը, հակախտրականությունը եւ աջակցությունը երեխային»:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր հերթին նշել է. «Ուրախ ենք աջակցել պետության ջանքերին՝ Հաուղղված Հայաստանում գենդերային հավասարության ու կանանց հնարավորությունների ընդլայնման մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելուն: ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է բոլորի համար հավասար իրավունքների եւ արժանապատվության ձեռքբերումը: Գենդերային հավասարության խթանումը եւ կանանց հնարավորությունների ընդլայնումը Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդն է, եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուրախ է աջակցել դրանց հասնելու պետության ջանքերին»:

Նկարիչներից մեկը՝ Նունե Թումանյանը հավելեց. «Իմ գործընկերը եւ ես գնահատում ենք հանրության հետ մեր աշխատանքները կիսելու եւ հասարակության զարգացման գործում մեր հայ կանանց կարեւոր դերը ընդգծելու այս հնարավորությունը: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները»:

Նունե Թումանյանը Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի դասախոս է:Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Իտալիայի տարբեր քաղաքներում: Այս տարվա հունվարի 27-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի Արվեստների թանգարանում Women and Art Biennial 2014-ում Հայաստանը ներկայացնող քանդակագործուհին արժանացել է բիենալեի «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն  գործ» միակ մրցանակին: Հասմիկ Ավետիսյանի գործերը  ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում: Նրանք երկուսն էլ ճանաչված արվեստագետներ ու ՀՀ Նկարիչների միության անդամ են:

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի հանրության համար  մինչեւ 2014թ. ապրիլի 1–ը, երկուշաբթի - ուրբաթ օրերին, ժամը՝ 15:00 -17:00: