Մինչեւ Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու ժամկետի ավարտը Շվեյցարիան դեռեւս մեկ շաբաթ ունի եւ գնալով ավելանում են Շվեյցարիային ուղղված միջազգային հանրության կոչերը՝ վերականգնելու արդարությունը:

Ինչպես գրում է  «Nouvelles d'Arménie»-ն, Քուվեյթում 1971-ից բնակվող «Industrial Metal Center» ընկերության գլխավոր տնօրեն ու գործընկեր Կարո Կույումջյանը արաբալեզու «Ան-Նահար» պարբերականում հրապարակել է Շվեյցարիայի դեսպանին ուղղված նամակ: Նա շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային ցեղասպանության ժխտման դեմ օրենքի համար ու կոչ արել դիմել ՄԻԵԴ Մեծ պալատ՝ հանուն մարդկային արժանապատվության:

«Աշխարհի ժողովուրդները ձեզ են դիմում այդ որոշման համար, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաղ, թե ուշ էական կործանարար ազդեցություն կունենա: Դա կարթնացնի մյուս երկրների մեջ եղած բռնապետներին ու կդրդի ապագայում եւս նման քայլի գնալ՝ առանց հետեւանքների համար անհանգստանալու»,-ընդգծել է Կույումջյանը:

Հիշեցնենք որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրք հակահայկական գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի: Դատարանն իր որոշումը հիմնավորել է խոսքի ազատության սկզբունքով: Փերինչեքը 2008-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստի հրապարակային ժխտման համար: